четверг, 21 мая 2015 г.

Մկրտիչ Մկրտչյան Մեզ համար պատերազմը չարիք չէ, եթե ազատագրական պայքար է, այլ ոչ թե զավթողական նպատակներ ունեցող արշավանք:

Մկրտիչ Մկրտչյան
Մկրտիչ Մկրտչյան (Մակիչ) - ծնվել է 1962թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում: Հետագայում ծնողների հետ միասին տեղափոխվել է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղ: Հաճախել է Սասունիկի միջնակարգ դպրոցը: Այնուհետև, զորակոչվել է խորհրդային բանակ ծառայել Կամչատկայում: Զորացրվելուց հետո ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը: 1988թ. ընդունվել է Երևանի Պետական կոնսերվատորիա: 1990թ. Մկրտիչ Մկրտչյանը ընդգրկվում է Թաթուլ Կրպեյանի Գետաշենի պաշտպանական ջոկատի կազմում: Ապա, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում է Շահումյանի շրջան, ընդգրկվում Վերիշենի ջոկատի կազմում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում է Մարտակերտ: Այդ ժամանակահատվածում Ստեփանակերտում կազմավորվում են գումարտակներ և Մկրտիչ Մկրտչյանը ընդգրկվում է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում: 1997թ. վերադառնում է Երևան:

- Պարոն Մկրտչյան, հասարակության զգալի մասը կարելի է ասել, որ Ձեզ ճանաչում է որպես երգիչ, որպես մշակույթի մարդ, սակայն ցանկալի է, որ նաև խոսվի Արցախյան ազատամարտում Ձեր անցած մարտական ուղղու մասին:

- Գիտե՞ք, կարևորը այն է, որ մեր տղերքը գիտեն:

- Իսկ չե՞ք կարծում, որ այսօրվա սերունդը ևս պետք է իմանա:

Մենք, այդ թվում նաև ես, սովորական մարդիկ էինք, ովքեր կատարում էին իրենց պարտքը: Այն ապրելու և ապրեցնելու մեր բանաձևն էր. այն ոչ թե հերոսություն էր, այլ սովորական գործ, որը պետք է կատարեր ամեն հայ: Ես կարծում եմ, եթե նույնիսկ մարդիկ են եղել, որ չեն մասնակցել բուն մարտական գործողություններին, դա չի նշանակում, որ նրանք չեն մասնկացել պատերազմին: Հաղթանակը մենք ձեռք ենք բերել, ինչպես պատերազմում կռվող զինվորի, այնպես էլ թիկունքում օգնող ցանկացած հայի շնորհիվ: Այնտեղ բոլորն էին հերոս:

- Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ շատերը այդ տարիներին լքեցին Հայրենիքը:

Այդ մարդիկ դժբախտ մարդիկ էին: Հայրենիքը լքել օրհասական պահին սխալ է: Ամեն հայ նախ ծնվում է որպես մարտիկ, հետո ինչ կդառնա՝ դա կարևոր չէ: Կարևորը, որ ի ծնե զինվորը պիտի լինի Հայրենիքի: Բայց միևնույն ժամանակ ասել, որ այդ մարդիկ վատն են, սխալ է:

- Երբ պատերազմը սկսվեց, դուք ուսանող էիք: Ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս մեկնեցիք ռազմաճակատ:

Պատերազմի սկսվելուն պես արագ փոխվեց կյանքը բոլորի համար և ճակատագիրը տվեց մի բան, որը որ շատ կարևոր է և հանուն դրա պիտի համախմբվել: Մինչ այդ ունեցած բոլոր նպատակներն ու երազանքները մնացին հետին պլանում: Բոլոր համալսարանների ուսանողներն ու երիտասարդները իրար հետ կապ ունեին և համախմբվեցին մեկ գաղափարի շուրջ: Երիտասարդությունը միակ ուժն էր և է, որը շատ արագ է ոգևորվում և մտնում պայքարի մեջ: Եվ տեղի ունեցավ այն շարժումը, որը պետք էր Արցախյան պայքարի համար: Կռվել եմ Թաթուլ Կրպեյանի ջոկատում: Մենք լավ ընկերներ էինք: Գնացի Արցախ երգելու և հենց այնտեղ էլ մնացի, ու ճիշտ եմ արել, որ մնացել եմ:

- Ինչպիսի՞ն էր արձագանքը ընտանիքում՝ ձեր ռազմաճակատ մեկնելու փաստի վերաբերյալ:

Ես չեմ պատկերացնում մի ծնող, ով համաձայնի: Թեպետ կխոսեն, կասեն, թե համաձայն են, բայց ոչ մի ծնող հստակ չի ուզում:

- Պատերազմական տարիներին ազգային երգն ու պարը բարձրացնո՞ւմ էին ոգին:

Անշուշտ, արժեք ուներ ամեն ինչը, իսկ հողը ամենամեծ արժեքն էր: Երգն ու պարը մեզ համար մեծ լիցք էր, ոգի: Այժմ էլ այն մեծ նշանակություն և ազդեցություն ունի: Երգերից և պարերից յուրաքանչյուրն իր մեջ մեր պատմությունն է ներառում: Կուզեմ, որ մեր երիտասարդները շատ բանիմաց լինեին: Պատմությունը շատ լավ իմանան: Վառ օրինակ է սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այդպիսին պիտի լինեն մեր երիտասարդները. բանիմաց, խելացի, կրթված ու հայրենասեր: Ամեն ինչում պիտի սեր ունենանք, սիրով անենք ամեն ինչ:Ամենամեծ ուժը սերն է, այն նաև զոհաբերության է տանում հանուն իր տեսակի: Ատելությունը չար է և պետք չէ ատել ոչնչի և ոչ մեկի:

- Պատերազմի ընթացքում ժամանակ առ ժամանակ գալի՞ս էիք տուն:

Իհարկե՜ գալիս էի, բայց ոչ միշտ: 1993 թվականին ամուսնացել եմ, հարսանիք եմ արել: Ապա ընտանիքով տեղափոխվել Արցախ: 1994թ. արդեն փոքրիկ աղջիկ ունեի: Ունեմ 4 երեխա՝ մեկ տղա և երեք աղջիկ: Փոքր աղջիկս 11 ամսեկան է:

- Ի՞նչ կպատմեք Մարտակերտի ազատագրումից:

Ինչպես նշեցի՝ այդ տարիներին կռիվը մեզ համար գործ էր: Մենք գործ ունեինք: Մարտակերտը առանձնահատուկ տեղ չէր: Ոչ մի տարբերություն չկար այս կամ այն տարածքի միջև: Ուղղակի, երբ Մարտակերտը ազատագրեցինք՝ տները թալանված էին, ավերված ու հայերի համար ցավալի էր իրենց իսկ ձեռքով սարքած տները տեսնել այդ վիճակով:

- Պատերզմը վերսկսելու վտանգ կա՞:

Միշտ կա: Պատերազմը մեր ժողովրդի ճակատագիրն էր և լավ է, որ այդպես էր: Այն մեր տարերքն է: Մենք դրա մեջ մաքրվում ենք, դառնում իդեալական, շիտակ: Մեզ համար պատերազմը չարիք չէ, եթե ազատագրական պայքար է, այլ ոչ թե զավթողական նպատակներ ունեցող արշավանք: Ճիշտ չապրելն է չարիք: Մարդկային զոհեր մենք ունենում ենք ոչ միայն պատերազմում, այլ նաև այսօր, փողոցում՝ ավտովթարներից և այլ դեպքերից: Փառք այն տղային, ով զոհվում է սահմանին կանգնած, հանուն Հայրենիքի: Եվ ամենևին պետք չէ նսեմացնել մեր բանակը: Եթե լինի պատերազմ, թող բոլորը գնան ու չվարանեն: Այն ուրիշ կյանք է. հիմա կյանքը շատ սովորական ու միապաղաղ է, բայց այն ժամանակներում կյանքն ուրիշ էր: Պատերազմը մեզ տվեց շփում, լավ շփում միմյանց հետ: Ամեն մի հայ կռվում էր իր և ընկերոջ հարազատի գերեզմանի և թեկուզ հենց Տատիկ-Պապիկի համար (նկատի ունի արձանը, որը դարձել է Արցախի խորհրդանիշներից մեկը):

- Հայու տեսակն ինչպիսի՞ն պիտի լինի ըստ Ձեզ:

Դժվար հարց է: Որքան էլ, որ տարբեր ենք մենք, միևնույն է՝ Հայը ազատության ձգտող և անկախությունը սիրող, ստեղծող ու արարող տեսակ է: Մենք մեր ծնունդով արդար ենք: Ի վերջո, Հայ ժողովուրդը պիտի դառնա Հայ ազգ, լինի միակամ ու համախմբված:

- Ձեր կոչը երիտասարդներին:

Շատ երեխաներ ունեցեք: Նախկինում մեր ամենաթշվառ ընտանիքներում ունեցել ենք 7-8 երեխա: Հայկական ավանդական ընտանիքներում ամենամեծ ուժը եղել են երեխաները, դաստիարակված զավակներ: Մեզ հարկավոր չեն, որ բոլոր երեխաները մեծանան գեներալներ ու պաշտոնավորներ, բոլորն անխտիր պետք է մեծանան ՄԱՐԴ՝ իրենց տեսակով՝ բանիմացությամբ և արարքներով: Ի վերջո, մարդն իր արժեքն ու դեմքը չպիտի կորցնի:

Комментариев нет:

Отправить комментарий